Պատմական Հայաստանը առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների առանցքային հարաբերությունների համար. այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է, և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում՝ առանց կողմնակի օգնության, ապրելու հնար և գիտելիք չենք ունենա, և, հետևաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի Ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող, և Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի: Նա կարիք ունի միայն հովանավորության:
Ուշադրությո՛ւն դարձրեք, որ անկախությունից ի վեր մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության մասին միջազգային սկզբունքի մասին, այսպես վարվել ենք, որովհետև դա անհրաժեշտ է եղել պատմական Հայաստանին: Բայց մենք չենք նկատել, որ մենք որոշ բարեկամների կողմից թաքուն կամ բացահայտ քաջալերվող այդ մոտեցումով իրական Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների խախտելիությունն անխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել»,- ասաց նա: