2021-ից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային, բովանդակային և ռազմավարական լրջագույն խորք ունեն, որովհետև, մեծ հաշվով, այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ՝ հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել պատմական Հայաստան, մյուսը՝ իրական Հայաստան բանաձևերի ներքո: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ բովանդակային այդ քննարկումը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանում հանրային քաղաքական կոնսենսուս կար, որ պատմական և իրական Հայաստանները կարող են գոյակցել և կարող են ուժեղացնել մեկը մյուսին:
«Կառավարության և անձամբ իմ հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան, որ տեղի է ունեցել բոլորիդ աչքի առաջ, բայց չի ձևակերպվել որպես այդպիսին, հենց սրանում է: Կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»,- ասաց նա և պարզաբանեց.- «Ես և Կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնը արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքը:
Միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում, և այդ պահից փաստացի քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև:
Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իմիջիայլոց, ավելի հեշտ չի ընթանում, քան ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացը:
Եթե անկեղծ ասեմ, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, նաև այն պատճառով, որ նաև այս սահմանազատումը տեղի է ունենում մեզանից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերանգներ: Ըստ այդմ՝ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար, և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս: Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար»,- ասաց նա: