ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ երկու եղբայրների։
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ընդհանուր 3․77 գրամ քաշով կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով լցված 3 ապակյա սրվակ, ինչպես նաև զիպ փականով 4 պոլիէթիլենային տոպրակ ու էլեկտրական գրամային կշեռք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված 3․77 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը կոկաին տեսակի թմրամիջոց է:
Նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիշյալ թմրամիջոցը Տելեգրամ հավելվածի միջոցով հետագա իրացման նպատակով ձեռք է բերել եղբայրներից մեկը, ում մոտից էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։
Խուզարկություն է կատարվել նաև վերջինիս՝ գյուղում գտնվող տան և դրան կից օժանդակ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ և տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ պլաստմասսե տարրայում և 9 փաթեթներում լցված՝ ընդհանուր 172.89 և 14.1 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված, փաթեթավորված՝ ընդհանուր 2,2 գրամ քաշով MDMA տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, LSD տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված 1 փաթեթ, մարիխուանայի յուղով լցված 5 սրվակ, 1 փաթեթում առանձնացված մուգ շագանակագույն զանգված, որը նախնական տվյալով հանդիսանում է «Կոշտ» տեսակի թմրամիջոց, ևս մեկ 1 փաթեթ՝ լցված ընդհանուր 4.1 գրամ ընդհանուր քաշով մուգ գույնի չորացված զանգվածով, մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմերի 19 տուփ, տարբեր տեսակի չորացված սնկանման զանգվածներով 66 փաթեթ, ինչպես նաև դեղնականաչավուն հետքերով 2 տարա, աղաց և այրված հետքերով ծխամորճ:
Նշված բոլոր զանգվածները ներկայացվել են դատաքիմիական, դատաբուսաբանական համալիր փորձաքննության։
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է։
Ձեռնարկվում են քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյուս եղբայրն արգելանքից ազատ է արձակվել՝ դրա հիմքերի վերացման պատճառով։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։