Ես նույնիսկ կարող եմ ասել՝ քանի կրակոց է եղել, բայց ես այդ թիվը չեմ ասի, որովհետև շատ փոքր թիվ է: Քննչական կոմիտեն պետք է արձանագրի բոլոր վնասները, քրեական գործեր պետք է հարուցվեն ամեն մի կրակոցի հետևանքով վնասների վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորում է բնակելի տները, և գուցե պետք է կրակոցին կրակոցով պատասխանել, Քոչարյանը պատասխանեց. «Կպատասխանենք, երբ զգանք, որ կրակոցներն այնպիսին են, որ արդեն նրանց լռեցնելու համար պետք է կրակահերթեր բացել: Այս պահին մեր պաշտպանական գերատեսչությունը եթե չի կրակում, նշանակում է, դրա կարիքը չի զգացել»:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ինչպես ստացվեց, որ ադրբեջանցիներն ամրացան Ջերմուկի դիրքերում, Քոչարյանը նշեց. «Առայժմ ամրացան: Այդ «առայժմ» բառը լուծում է բոլոր հարցերը, որովհետև ժամանակին մենք էլ շատ բան անտեսում էինք, և այդ անտեսումներն ու անտարբերությունը բերեցին նրան, որ արձանագրվեց մեր ձեռքբերումների կորուստը 44-օրյա պատերազմի տեսքով»:
Նրա խոսքով՝ այսօրվա բանակաշինության հարցում արդեն մյուս ծրագրերն ենք անում՝ խոսքը ներքին օղակի սպայակազմի պատրաստմանն է վերաբերում:
«Դա մաքուր հայկական դպրոցի առկայությունն է՝ ներառված լավագույն ծրագրերով»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը: