Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։
ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել և ձևավորել որպես ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։
Կառավարման միասնական արդյունավետ մոդելի շնորհիվ նոր ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը կներդաշնակեցվեն ՆԳ նախարարության վարած քաղաքականությանը։ Նորաստեղծ հաստատության հիմնական նպատակը ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելն է:
Կրթական գործընթացների բարեփոխումների իրագործմանն ուղղված իրավաստեղծ աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է սահմանել ուսումնական հաստատության ձևավորման ինստիտուցիոնալ չափանիշները, լուծել ուսումնական հաստատության արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը։
Կառավարման մարմինները ձևավորվելու և գործելու են քաղաքացիական ուսումնական հաստատություններին բնորոշ սկզբունքների հիման վրա, սակայն ոլորտային առանձնահատկություններից ելնելով՝ ուսումնական ստորաբաժանումների անձնակազմում կլինեն նաև ոստիկանական և փրկարար ծառայության պաշտոններ։
ՆԳ նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում։
Նախատեսվում է առաջիկայում անցկացնել նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկում։