Ազգային ժողովն ապրիլի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր, հայտնում են ԱԺ-ից:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանը:
Կարգավորումները` այստեղ:
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող համակարգային բարեփոխումները կնպաստեն, որ բժիշկները տարեցտարի բարելավեն իրենց գործնական հմտություններն ու գիտելիքները: Խնդիրների պարագայում օրենսդրական փաթեթով ամրագրվող գործիքակազմով բժիշկներին հնարավորություն կընձեռվի որոշակի փորձաշրջան անցնելու, գիտելիքները լրացնելու և խնդիրներն ուղղելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով լայնամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները լուծելու, ինչպես նաև կհստակեցվեն դեղերի ներմուծման, կլինիկական փորձաքննությունների իրականացման կարգավորումները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն դրույթներ նաև լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին, կապահովվի օրենքի դրույթների համապատասխանեցումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին:
Կարգավորումները` այստեղ:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Կարգավորումները` այստեղ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող ,Կատարողական վարույթի մասինե նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
Փաթեթով ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ: Զեկուցողի խոսքով նախաձեռնության ընդունմամբ հնարավորություն կընձեռվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը, ապահովել շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համապարփակ գործիքակազմ: Նշվել է, որ անհրաժեշտ իրավական հիմքեր ներդնելու արդյունքում հնարավոր կլինի ունենալ հարկադիր կատարման այնպիսի համակարգ, որին քաղաքացին իսկապես կվստահի:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Կառավարությունը կատարել է խմբագրական բնույթի փոփոխություններ. նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները` այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի ներկայացմամբ քննարկվել է ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
Նախաձեռնությամբ սահմանվում են հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանի առաջարկությամբ փաթեթը լրացվել է «Սահմանադրական դատարանի մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերով:
Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Փոփոխությունների նպատակն է ամբողջականացնել բարեվարքության ստուգման գործող կառուցակարգերը: Նախատեսվում են բարեվարքության ընթացիկ ստուգման կարգավորումներ ներդնել դատավորների, դատախազների, Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:
Առաջին ընթերցումից հետո Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա Կառավարությունը փոփոխություններ է կատարել փաթեթում:
Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները` այստեղ:
«Այն անձինք, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չեն անցել բարեվարքության ուսումնասիրություն, 2024-2027 թվականներն ընկած ժամանակահատվածում, ըստ որոշակի հերթականության, կանցնեն բարեվարքության իրենց առաջին ընթացիկ ուսումնասիրությունը: Իսկ այն անձինք, որոնք մինչ այս նախաձեռնության ուժի մեջ մտնելը պաշտոնում նշանակվելիս անցել են բարեվարքության ուսումնասիրություն, ընթացիկ ուսումնասիրություն կանցնեն ընդհանուր կարգով»,- ընդգծել է փոխնախարարը: