Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարումը ևս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների շարունակական կատարելագործման և համապատասխանեցման պահանջով: «Միաժամանակ, առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում իրականացնել լրացումներ, որոնցով կսահմանվի պետական տուրք լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար»,- մանրամասնել է Կարեն Կարապետյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն առկա գործնական խնդիրների լուծմանը և օրենսդրական կարգավորումների տարընկալումների բացառմանը: