Օրերս խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել էր Ազգային ժողովում կազմակերպել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկում: Հերթական նիստին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկեց թեմայի քննարկման շրջանակում հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Քվեարկության արդյունքում հասարակական հետաքրրքություն ներկայացնող հրատապ քննարկումը հատուկ ընթացակարգով ներկայացնելու՝ ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 79 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել էր նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ քննարկումն անցկացնել ԱԺ փակ նիստով:
Հաշվի առնելով այն, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ, և հրապարակային քննարկումները կարող են ռիսկեր առաջացնել ՀՀ պետական անվտանգության տեսանկյունից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկեց կողմ քվեարկել նիստը փակ ձևաչափով անցկացնելու առաջարկին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց՝ «փակ քննակում»՝ չի նշանակում պետական գաղտնիքի, փակ տեղեկատվության ներկայացում, և որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի էությունն այն է, որ հանրությանը ներկայացվի, ուստի ընդդիմությունը կողմ է բաց քննարկում անցկացնելուն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց՝ եթե հիմնավորումը ազգային անվտանգությունն է, և եթե համազեկուցողները կարող են ներկայացնել փակ տեղեկատվություն, ապա դահլիճում նստածների մոտ կան հեռախոսներ, և փակ տեղակատվությունը կարող է տեսանկարահանվել կամ ձայնագրվել:
Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով Գեղամ Մանուկյանի նկատառումը, խնդրեց հեռախոսները չմտցնել դահլիճ, բայց նաև նկատեց. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, այն մասով, որոնք գաղտնի չեն և հանրությանը վերաբերելի են, ՀՀ իշխանությունները ներկայացնում են: ՀՀ ընդդիմությունը դրանից գոհ չէ, և ՀՀ ընդդիմությունը նախաձեռնել է այս լսումները, և ՀՀ իշխող մեծամասնության իրավունքն է, հաշվի առնելով բովանդակությունը, նման առաջարկով հանդես գալ և դնել դա քվեարկության»:
Ըստ այդմ՝ «Հայասատնի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկումը փակ նիստով անցկացնելու նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ քվեարկեց 28 պատգամավոր, ձեռնպահ՝ 0, և որոշումն ընդունվեց:
Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կան պատգամավորներ, որոնք փակ նիստին մասնակցելու իրավունք չունեն: Նրանցից մեկը ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանն է, որը նոր է մանդատ ստացել:
«Չեն կարող նիստին մասնակցել Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը: Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, և ես չեմ կարող, Ձեզ հարգելով, այնուամենայնիվ, օրենք խախտել, որովհետև հետո ինձ հարցեր կլինեն, թե ինչու են փակ նիստի մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը և խնդրեց՝ վերոնշյալ պատգամավորները լքեն դահլիճը, մյուսները մնան առանց հեռախոսների, իսկ լրագրողներին խնդրեց հեռանալ օթյակից: