ԱԺ-ն շարունակում է քննարկել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը մշակվել է ճանապարհային ենթակառուցվածքի և թունելների անվտանգության վերաբերյալ դիրեկտիվների՝ օրենսդրությանը մոտարկելու նպատակով, ինչը բխում է Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներից:
Նախագծով նախատեսված կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ՃՏՊ-ների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը:
Օրինագծի առանցքային կարգավորումները վերաբերում են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման իրականացմանը, որի պարտադիր պայմաններից է լինելու ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացումը, ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ:
Նախագծով նախատեսված է նաև ճանապարհային աուդիտորների որակավորման պահանջ, ընդհանուր օգտագործման ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատում, ինչը վեր կհանի ճանապարհային ենթակառուցվածքների հետ կապված անվտանգության ռիսկերը, որի արդյունքներով կիրականացվեն անվտանգության բարելավման շարունակական միջոցառուներ:
«Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել նաև թունելների անվտանգության ուղղությամբ, մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ ՏԿԵ նախարարության կողմից կսահմանվեն թունելների անվտանգության նվազագույն պահանջներ՝ կապված դրանց օդափոխության, լուսավորության, հակահրդեհային համակարգի հետ»,- պարզաբանեց Ղալեչյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչուր թունել կունենա իր անվտանգության պատասխանատուն, որը ևս կհամարվի որակավորվող գործունեություն:
Նախագծով նախատեսվում է ստեղծել նաև ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների), ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների տվյալների հաշվառման, պահպանման, վերլուծության, նույնականացման և մշտադիտարկման միասնական էլեկտրոնային համակարգ:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան՝ արդյոք այս օրենքի փոփոխություններն ընդունելուց հետո ունենալու ենք իրավիճակ, որ ճանապարհների ավելի լավորակ շինարարությո՞ւն ենք ունենալու, երկար պահպանվող գծանշումներ, ինչպե՞ս կբարելավվի արդյոք մայրաքաղաքում ճանապարհների վիճակը, Ղալեչյանն ասաց, որ փոփոխությունների հիմնական շեշտադրումներն անվտանգությանն են ուղղված, լրացուցիչ ապահովելու են մշտական մշտադիտարկում ու հսկողություն հատկապես անվտանգության ուղղությամբ:
«Մեծ խնդիր ունենք, որ օպերատորները պարտավոր են վերականգնել վնասված ճանապարհները, դրանք բերել նախկին տեսքի, սակայն դրանք թերի են արվում, տեխնիկական նորմերի խախտմամբ: Այս մասով ևս որոշակի տեխնիկական փոփոխություններ ենք նախատեսում անել և խստացնել պատասխանատվությունը ճանապարհի վնասված դեպքերով»,- նշեց Քրիստինե Ղալեչյանը:
Ինչ վերաբերում է գծանշումներին, հայտնեց՝ անցած տարի թարմացվել է գծանշման տեխնիկական պահանջները՝ դրանք համապատասխանեցվել են ԵԱՏՄ տեխնիկական անվտանգության կանոնակարգերին:
Արշակյանը նկատեց՝ Երևանում հաճախ ենք ականատես լինում, որ հաճախ մայթը կամ ճանապարհի երթևեկելի գոտին վերածվում է շինհրապարակի:
«Մենք ունենք բավարար կանոնակարգումներ, այստեղ հսկողություն սահմանելու խնդիր ունենք: Պետք է հսկողությունը իրականացվի ըստ էության, և կանխարգելվեն այն բոլոր դեպքերը, երբ պահանջների խախտումով են արվում, երթևեկության համար ռիսկեր են ստեղծում»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալը: