ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ ՀՀ ԷՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։
Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համաժողովներին մասնակցելու և համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Հայ-ղազախական գործարար կապերի ամրապնդման համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել տնտեսական տարբեր ծրագրերում ղազախական ընկերությունների մասնակցության հնարավորությունը։
Մտքեր են փոխանակվել տնտեսության դիվերսիֆիկացման, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ուղիղ չվերթների կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան նախատեսվող այցին։
Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: