Վրաստանում բուռն քննարկումների պատճառ դարձած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ըստ հեղինակների, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, այն վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Նման կազմակերպություններից պահանջվելու է ամեն տարվա հունվարին արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր, հակառակ դեպքում կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9,3 հազար դոլար)։ Վրաստանի արդարադատության նախարարությանը կից կստեղծվի նաև արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեգիստր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստին ասել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծն անհրաժեշտ է ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և ԶԼՄ-ների ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունն ամրագրելու համար, ընդդիմությունը դեմ է փաստաթղթին։
Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի բյուրոյի քննարկմանը ներկայացրել են «Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» այլընտրանքային օրենքի նախագիծը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն անցյալ շաբաթ հայտարարել են, որ մտադիր են բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել օրինագծի դեմ, որը համարում են օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենքի կրկնօրինակը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կկիրառի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վերագործարկված օրինագծի հանդեպ, եթե այն ընդունի խորհրդարանը։ Այդ մասին հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։