Քաղաքացիների հերթական ընդունելության շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին են դիմել շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների մի խումբ ծնողներ՝ բարձրացնելով հիվանդության ախտորոշմանը և վերահսկմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ի՞նչ է առաջարկում ժամանակակից աշխարհը հիվանդության հետազոտության և վերահսկման համար, ո՞րն է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հիվանդության վաղ հայտնաբերման, վերահսկման, շարունակական հսկողության հարցում. այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Շաքարային դիաբետ ունեցող անչափահաս երեխաների խնամքի առանձնահատկությունները տանն ու դպրոցում» թեմայով աշխատանքային քննարկում:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահաս երեխաների ծնողներ:
Ինսուլինակախյալ երեխաների ծնողների ներկայացմամբ՝ վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերը բավականին թանկարժեք են, և հաշմանդամության կարգ չունեցող ու նպաստ չստացող ընտանիքների համար, դժվար է երկրորդական շուկայից ձեռք բերել կյանքի որակը բարձրացնելուն միտված ախտորոշիչ համապատասխան սարքեր: Դժգոհություններ են հնչել նաև անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների վերաբերյալ: Առաջարկվել է վերապատրաստել դպրոցների բուժքույրերին նման հիվանդություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում հաշվառված են շուրջ 1280 շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող երեխա, դեռահաս: Մինչև 18 տարեկան անձանց շաքարային դիաբետ հիվանդություն ունեցող անչափահասների թիվը տարեցտարի ավելանում է, 8 տոկոս հիվանդության աճ է նկատվում անչափահասների շրջանում:
Ըստ մոտավոր հաշվարկների՝ արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքեր պետության կողմից տրամադրելու համար տարեկան կտրվածքով կպահանջվի շուրջ 900 մլն դրամ:
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդաբանությունը դպրոցահասակ, մանկապարտեզ հաճախող երեխաների պարագայում պետք է վերանայվի:
Անդրադառնալով արյան մեջ գլյուկոզայի չափման համար նախատեսված չափիչ սարքերի տրամադրման հարցին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է կատարել վիճակագրական հետազոտություններ, սանդղակավորել և սկզբնական փուլում, ըստ տարիքային խմբերի, նախատեսել ու տրամադրել:
Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ առաջիկայում բարձրացված հարցերի առնչությամբ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ևս կկազմակերպվեն քննարկումներ՝ միջազգային փորձի օրինակով շաքարային դիաբետ ունեցող անձանց համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով: