Զապորոժիեի ատոմակայանի տարածքում 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ անօդաչու թռչող սարքի պայթյունից վնասվել է կայանի գլխավոր միջուկային ռեակտորի պաշտպանիչ պատյանը։ Այդ մասին կիրակի՝ ապրիլի 7-ին, X սոցիալական ցանցում հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա նշել է, որ պատյանի վրա երեք հարված է հասցվել: Գրոսին ռազմական որոշումներ կայացնողներին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են «խախտել միջուկային օբյեկտների պաշտպանության հիմնարար սկզբունքները»։ Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրել Զապորոժիայի ԱԷԿ-ի վրա հարձակման համար։
Մարտի սկզբին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ գործակալության միջուկային և ֆիզիկական անվտանգության յոթ արձանագրություններից վեցը ամբողջությամբ կամ մասնակիորեն խախտվել են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ում: Մարտի 7-ին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև էր ընդունել, որով պահանջվում է ռուս զինվորականներին անհապաղ դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից և այն վերադարձնել Ուկրաինայի իրավասու մարմինների վերահսկողությանը։ Կրեմլը մերժել է ԱԷՄԳ-ի կոչը՝ այն անվանելով «հարձակում Ռուսաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա»։