Ակնկալվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ՝ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մի շարք առաջարկներ են ստացվել Կառավարությունից և պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաև հեղինակները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ փոխվել է նաև նախագծի վերնագիրը՝ ստանալով «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:
Փոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:
Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: