««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում:
Հուշագրով կարգավորվում են անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապի, ինչպես նաև կապի սպայի նշանակման հետ կապված հարցերը:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ կապի սպան Եվրոպական միության և Եվրապոլի հետ որևէ աշխատանքային հարաբերություններ չի հաստատում: Նա ՀՀ լիիրավ ներկայացուցիչ է իրավապահ համակարգի անունից և հանդիսանում է ՀՀ աշխատակից:
Փոխնախարարը նշել է, որ հուշագիրը միտված է լրացնելու «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է տեղեկությունների արագ փոխանակման համար ստեղծել անվտանգ կապուղիներ ՀՀ ՆԳ և Եվրապոլի միջև: Ըստ պատգամավորի՝ կապուղու անվտանգության ապահովումը Հայաստանի պատասխանատվության գոտում նշանակում է արդյունավետ հակազդեցություն հետախուզական ներթափանցմանը, չարտոնված արտահոսքի, կապուղու վրա արտաքին ապակառուցողական ազդեցության, տեղեկությունների փոփոխության նենգափոխման, ինչպես նաև երրորդ կողմին տեղեկությունները չարտոնված փոխանցման կանխում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: