Նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նշեցի, որ մենք ժամանակավորապես կդադարեցնենք ծառերի փոխարինման ծրագիրը, և ակնկալում ենք, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանանք գրավոր, հիմնավոր որևէ մի փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ՝ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը, և գոնե որոշակի դեբատ կլիներ էկոակտիվիստների պահանջի առնչությամբ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ապա խոսքն ուղղելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ հետաքրքրվեց՝ որևէ նորություն կա՞ այդ առնչությամբ:
«Որևիցե նորություն չունենք, որևիցե մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչև այս պահը չի ներկայացնել»,- ասաց Բեգոյանը և հավելեց, որ Ազգային ակադեմիայում կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, և որ հռետորների կողմից շրջանառվող հիմնական միտքն այն էր, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն:
Եղել է նաև որոշակի դժգոհություն, այն է՝ Կենսաբազմազանության ինստիտուտն է ցանկություն հայտնել ներգրավված լինելու գործընթացում: Բեգոյանը խոստացել է, որ գիտնականներ կհրավիրվեն գիտատեխնիկական խորհուրդ:
Դժգոհություններից մեկն էլ վերաբերել է այն բանին, որ Ազգային ակադեմիայի որևիցե ինստիտուտ չի հետազոտել խնդիրը, չնայած Բեգոյանը կարծում է՝ հարցը դեռ 2000 թվականից «կախված է Երևանի գլխին և առաջացնում է խնդիրներ»:
«Կարծում եմ՝ հիմնական մեխն այն էր, որ թեղիներն սպառել են իրենց, Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում:
Հարկ եմ համարում նշել, որ այդ փոխարինումը կտևի առնվազն մի 10-20 տարի՝ հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակությունը»,- ասաց Բեգոյանը:
Ավինյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացի վերաբերյալ հանրությունը քիչ իրազեկվածություն ունի, ներկայացրեց, թե ինչպես է առհասարակ սկսվել գործընթացը: Ըստ այդմ՝ թեմայի առնչությամբ քննարկումները եզրահանգել են նախորդ տարի՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած մի գիտական աշխատաժողովի: 25 գիտնականներ հանգել են մի եզրակացության, որն Ավինյանն ընթերցեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիրարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայությունները՝ սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական: Փաստացի արձանագրվեց, որ Երևան համայնքում՝ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում՝ գլխավոր և երկրորդական փողոցներում, առկա են դեֆորմացված և կենսունակությունն ավարտին մոտ գտնվող ծառատեսակներ՝ թեղի (մանրատերև), հացենի (սովորական) և այլն, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունն աղտոտված օդային ավազանի մաքրման, փոշու, օդում կախված մասնիկների կլանման, աղմուկի մեղմացման, գեղագիտական տեսքի և այլ նպատակային նշանակության առումներով, այսինքն՝ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են ընդամենը քանակային ներկայություն՝ պատշաճ չիրականացնելով իրենց ֆունկցիոնալ նպատակները»,- աշխատաժողովի եզրահանգումն ընթերցեց Ավինյանը:
Քաղաքապետը նաև նշեց՝ եթե փաստաթղթի հետ կապված կա որևէ գիտական դեբատ, քննարկման ևս մեկ շրջափուլ կանցկացվի՝ պարզելու՝ միգուցե կան որոշակի ճշմարտություններ, որոնք բաց են թողնվել, բայց որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է հակառակը պնդող կարծիքը լինի գիտական:
«Ժամանակին մեր ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները խոսում էին այն մասին, որ բոլոր թեղիները պետք է վերացվեն քաղաքից ժամանակի ընթացքում: Համենայնդեպս, ինձ այս գիտական աշխատաժողովը համոզել է, որ սա է ճիշտ ճանապարհը»,- ասաց Ավինյանը: