ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի օրվա կապակցությամբ:
«Հարգելի՛ երկրաբաններ,
Երկրաբանի օրը երկրաբանական գիտություններին և մասնագիտություններին առնչվող մասնագետների մասնագիտական տոնն է։ Տոնը նշվում է 1966 թվականից ի վեր ամեն տարի՝ ապրիլի առաջին կիրակի օրը՝ նշանավորվելով ձմռան ավարտով ու ամառային դաշտային արշավների ու աշխատանքների սկզբով։
Մեր հանրապետությունում, կարևորելով այդ մասնագիտությունը, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման, արդեն հոբելյանական 20-րդ անգամ է նշվում Երկրաբանի օրը:
Տոնը նշում են երկրաբանները, հիդրոերկրաբանները, գեոէկոլոգները, երկրաբան ճարտարագետները, երկրաֆիզիկոսները, երկրաքիմիկոսները, հանքափորները, գեոմորֆոլոգները, գեոմեխանիկները:
Հարգելի՛ հիդրոերկրաբաններ, մեր մոլորակը լի է գաղտնիքներով և այն խնամքով պահում է դրանք, բայց ձեզ տրված է մի ունակություն՝ դուք առանց դժվարության գտնում եք ստորերկրյա ջրերի թաքնված ճանապարհը և մարդու աչքի համար անտեսանելի հարստությունը մեզ համար դարձնում եք «տեսանելի»:
Այսօր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում աշխատում են մեծ փորձառություն ունեցող հիդրոերկրաբաններ, որոնք մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ իրականացնում են իրենց աշխատանքները:
ՊՈԱԿ-Ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության կողմից իրականացվում են ՀՀ ողջ տարածքում հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ՝ ստորերկրյա ջրերի սնման, ձևավորման, որակական, քանակական, շարժման և բեռնաթափման պայմանների ուսումնասիրություններ, ջրօգտագործման թույլտվությունների համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական տեղեկատվությունների, անձնագրերի և երկրաբանատեխնիկական կտրվածքների կազմում:
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի նպաստ մեր կազմակերպության զարգացման»,- ասված է ուղերձում: