Ուրախ եմ ընդունել Հայաստանի աջակցությանն ուղղված հանդիպումը՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Բրյուսելում ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին:
«Անցած հոկտեմբերին մենք խոսք էինք տվել ուս ուսի կանգնել Հայաստանի կողքին, Հայաստանի հետ, և միևնույն ժամանակ խոսք էինք տվել տեսլական ձևավորել մեր գործընկերության ապագայի վերաբերյալ: Այսօր դա ենք քննարկելու: Այս տեսլականը եվրոպական կողմի համար հիմք կծառայի՝ Հայաստանի դիմակայունության և զարգացման ծրագրի համար:
Առաջիկա չորս տարում դրամաշնորհների տեսքով 270 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին: Մենք ներդրումներ կանենք՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունը ավելի ամուր և դիմակայուն ցնցումների նկատմամբ: Մենք կաջակցենք ձեր բիզնեսներին և տաղանդներին, մասնավորապես՝ ձեր միջին և փոքր ձեռնարկություններին՝ օգնելու նրանց աճելու, նորարություններ մտցնելու և նոր շուկաների հասանելիություն ունենալու համար:
Մենք ներդրումներ կանենք նաև առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու ծրագրում: Դա հնարավորություններով լի փոխադրման ուղի է, որը կարող է մաքուր վերարտադրվող էներգիա բերել Եվրոպա: Մենք պատրաստ ենք աջակցել դրան: Զուգահեռաբար մենք պատրաստ ենք ներդրումներ անել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի արտադրության և Վրաստանի հետ ավելի ամուր փոխկապակցվածության մեջ: Մենք նաև կուսումնասիրենք անդրսահմանային փոխադրումների հնարավորությունը՝ եթե և երբ պայմանները թույլ տան: Այս համատեքստում, պարո՛ն վարչապետ, ես ողջունում եմ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Անդրադարձել ենք նաև ավիացիոն և միջուկային անվտանգության ապահովման և առևտրի դիվերսիֆիկացման նոր միջոցառումներին ուղղված աջակցության փաթեթին: ԵՄ-ն արդեն կենտրոնացել է ավելի քան կես միլիարդ եվրո՝ ներդրումների համար, և դեռ կարող է առաջարկել ավելին՝ ներդրումների համակարգման հարթակի միջոցով»,- ասել է Ֆոն դեր Լայենը: