ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման մեկնարկին ասել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վերահաստատում են աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագային:
ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.
«Տիկին նախագահ, շնորհակալություն, վարչապետ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել, Ժոզեպ:
Հարգելի վարչապետ, թույլ տվեք սկսել շնորհակալություն հայտնելով՝ Ձեր առաջնորդության և գործընկերության համար։ Դա շատ բան է նշանակում, և կարծում եմ, որ այն շատ ամուր հիմք է ստեղծում այն ամենի համար, թե ինչ կարող ենք միասին անել ապագայում: Մենք այստեղ ենք՝ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և Հարավային Կովկասի ավելի ինտեգրված և խաղաղ տարածաշրջանի համար:
Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը հաստատի իր դիրքը՝ որպես ուժեղ, անկախ պետություն և խաղաղ իր հարևանների հետ՝ կապված տարածաշրջանի և աշխարհի հետ: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկերներ լինել այդ ջանքերում, և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը դրա վկայությունն է։ Մենք պետք է օգտագործենք հայ ժողովրդի և առաջնորդների ընտրության այս պահը։
ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»։