Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ու երկխոսությունը ողջունելի են, բայց Եվրոպան չպետք է մոռանա կամ ձևացնի, թե չի հիշում քրիստոնյա ժողովրդի դրամատիկ վտարումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրել են 4000 տարի: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մասիմիլյանո Սալինին:
«Հիմա, երբ ուշադրության կենտրոնում կրկին բռնկվել է պատերազմի այս օջախը, հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիան չի կարելի թերագնահատել։ Եվրոպական ինստիտուտներն այսօր լճացումը հաղթահարելու և իրենց ձայնը բարձրացնելու նոր շանս ունեն՝ գործելու հնարավորություն, այլ ոչ թե պարզապես դիտելու: Անհրաժեշտ է խիզախություն դրսևորել, ինչպես նշել եմ վերջին ամիսներին, նույնիսկ՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է եվրապատգամավորը։
Նրա կարծիքով՝ Եվրոպան արժանի չէ վստահության, եթե այն չի պաշտպանում ժողովրդի պատմությունն ու ապագան, որն այսօր ներկայացնում է նաև եվրոպական մշակույթը:
Սալինին նշել է, որ բանակցությունները պետք է դիտարկեն տուժող կողմի իրավունքները: