Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպումից առաջ Ֆոն դեր Լայենը, Փաշինյանը, Բլինքենն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով:
«Հարգելի նախագահ Ֆոն դեր Լայեն,
Հարգելի պետքարտուղար Բլինքեն,
Բարձր ներկայացուցիչ Բորել,
Սիրելի բարեկամներ,
Շնորհակալություն այս բարձր մակարդակի հանդիպումը հրավիրելու համար՝ վերահաստատելու մեր հավաքական հանձնառությունն ինքնիշխան, դիմակայուն և բարգավաճ Հայաստանին: Այս միջոցառումն ընդգծում է Հայաստանի հավատարմությունը մեր ընդհանուր արժեքներին և ավելի հաշվետու և քաղաքացիակենտրոն հանրային հաստատություններ ստեղծելու ցանկությունը, որոնք օգուտ կբերեն մեր ժողովրդին:
Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։
Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար։
Հիմնվելով մեր արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը շարժունակության ոլորտում: Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները։
Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100.000 բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը նույնպես առաջնային նշանակություն ունի: Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։
Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա:
Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին: Ավելի լայն տարածաշրջանում սիներգիան ուժեղացնելու համար մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների (Global Gateway) ռազմավարության հետ և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այս հարցում:
Տիկին նախագահ,
Պետքարտուղար Բլինքեն,
Բարձր ներկայացուցիչ Բորել
Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս երկխոսությունը խթանելու և Հայաստանի Հանրապետությանը շարունակական աջակցության համար»,- ասել է վարչապետը: