Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախաձեռնություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հետագա աջակցությանը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ և ընդգծել, որ այն ունի ռազմավարական նշանակություն:
Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ քայլերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը և ընդգծել դրա շարունակական ապահովման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում քննարկվել են բռնի տեղահանվածներին աջակցության հետագա քայլերին, մասնավորապես, բնակարանային ապահովման խնդրին վերաբերող հարցեր: