Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է. այսօր` Երևանի ժամանակով ժամը 14:00-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որը նախնական տվյալներով տևելու է շուրջ 1 ժամ:
Հանդիպումից առաջ կողմերը հանդես են գալու հայտարարությամբ: «Լուրերի» թղթակիցը հայտնում է, որ վարչապետը ժամանել է Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության շենք, որտեղ արդեն տեղի է ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Հանդիպմանը Հայաստանի պատվիրակության կազմում ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ավելի ուշ Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի «Եվրաջասթ» համաձայնագիրը: Այն ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թիխելտը և արդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը: