Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության («Եվրաջասթ») հետ Հայաստանի համագործակցությանը համաձյանագիրը: Այս մասին տեղեկացնում է «Լուրերի» թղթակիցը:
Համաձայնագրի ամբողջական անվանումը՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին»:
Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թիխելտը և արդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:
Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Հանդիպումից առաջ Ֆոն դեր Լայենը, Փաշինյանը, Բլինքենն ու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով: