Ռուսաստանի ԱԳՆ-ն Փաշինյան-Լայեն-Բլինքեն հանդիպման մասին հաղորդագրություն է հրապարակել, նշել՝ Մոսկվան այն դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու կործանարար փորձ։
Գերատեսչությունը մեղադրել է Արևմուտքին տարածաշրջանի երկրների միջև սեպ խրելու ձգտման համար, պնդել, թե դա կարող է բացասաբար ազդել Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման վրա, նոր բաժանարար գծեր ստեղծել, հանգեցնել լարվածության անվերահսկելի աճի։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ ռուսական ռազմաբազան և սահմանապահները դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը կոչ է արել Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքը սխալ ճանապարհով տանի Հայաստանին:
«Դա հղի է անվտանգության վակուումի, տնտեսական լուրջ խնդիրների և բնակչության արտահոսքի ռիսկերով։ Բրյուսելի դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի հետ գործակցությունից», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները:
«Դա կնպաստի երկու ժողովուրդների հիմնարար շահերին, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», - նշում են գերատեսչությունից։
ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմքերը խարխլելու համար: Գերատեսչության պնդմամբ՝ այդ հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն են:
«Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղությանը», - նշել է ռուսական կողմը։
Գերատեսչության համոզմամբ՝ Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանային երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։