Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 5-ին ընդունել է մեր երկրում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհավորել է Էնդրյու Թըրներին առաջին ռեզիդենտ դեսպան նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը:
Խոսելով հայ-կանադական միջխորհրդարանական կապերի զարգացման դրական դինամիկայի մասին՝ հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում առկա է համագործակցության չիրացված ներուժ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կարևորելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել ոչ ԵՄ անդամ երկիր Կանադայի մասնակցությունն առաքելությանը:
Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել կանադական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալուն ուղղված մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կանի առավելագույնը նպաստելու խորհրդարանական կապերի սերտացմանը: Էնդրյու Թըրները նույնպես կարևորել է Կանադայի և Հայաստանի միջև ոլորտային համագործակցության զարգացումը: