«ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ և վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկվել է ««ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացվել են Երևանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երևանի բեռնաթափումն է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթևացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագիծը և անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցու, Ռուբինյանց, «Զվարթնոց» օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: