Մեր կարծիքով՝ կարևոր և օգտակար վարկային համաձայնագիր է և լավ ծրագիր: Վարկը սուվերեն է, այսինքն` վարկը վերցնում ենք մեր երկրի պետական երաշխիքների համատեքստում: Երևանի քաղաքապետարանի ներկայացրած և բանակցած ծրագրի շրջանում, սա ծրագրի երկրորդ փուլն է, որը վերաբերում է Երևանի հանրային նշանակության շենք-շինությունների, այս դեպքում` մանկապարտեզների շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Զեկուցողի խոսքով՝ ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվող վարկը՝ 25 մլն եվրո, ԵՄ հարևանության ներդրումային հարթակի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը՝ 10.1 մլն եվրո:
Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» 25 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում` Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի 5-րդ` «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի` 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգիայի սպառումը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ շենքերի ցանկը նախնական է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընդհանուր ծրագրի բովանդակությունից, նշել, որ առաջին ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ, ինչի արդյունքում ապահովվել է մանկապարտեզների շենքերի սեյսմակայունությունը, ավելացել` էներգախնայողությունը: Առաջին ծրագրի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, ավարտը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին:
Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: