Գործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում:
Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը: Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է վերաորակավորման կրեդիտների պահանջների կատարման հետ: ՇՄԶ ստեղծման հիմք է հանդիսանում վերաորակավորման համակարգի ներդրումը:
Ներկայումս Հայաստանում չի գործում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով:
Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ: