Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Ինդոնեզիայի ներկայացուցիչները մասնավոր կերպով կոչ են անում ԵՄ-ին չաջակցել ռուսական սառեցված ակտիվների առգրավման գաղափարին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին, միաժամանակ հավելելով, որ ամեն դեպքում, այդ ծրագրերը «հետաձգվում են»:
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրո։ Մոտ 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային և քլիրինգի համակարգերից մեկի հաշիվներում: ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար ՌԴ սառեցված ակտիվներն օգտագործելու ուղիները։ Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ դա կարող է երկարաժամկետ հեռանկարում հեղինակության ռիսկեր առաջացնել եվրոպական արժույթի համար, և կոչ է արել «հարցը դիտարկել այս հակամարտությունից դուրս ու փնտրել Կիևի ֆինանսավորման այլ տարբերակներ:
Կրեմլն էլ հայտարարել է, որ նման որոշումների կայացումը «կընդունվի որպես միջազգային իրավունքի բոլոր կանոնների և նորմերի խախտման հերթական քայլ»։ ՌԴ ԱԳՆ-ն Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է անվանել՝ նշելով, որ ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև Ռուսաստանի պետական ակտիվները։
Եվրամիությունն այժմ աշխատում է սառեցված ակտիվներն Ուկրաինա փոխանցելու համար միջոցներ օգտագործելու մեխանիզմի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը՝ ելույթ ունենալով Հաագայում «Արդարության վերականգնում Ուկրաինայի համար» համաժողովում։
Եվրահանձնակատարը նաև հույս է հայտնել, որ որոշում կկայացվի Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ: Խոսքը տարեկան 2-3 միլիարդ եվրոյի մասին է։