ՆԱՏՕ-ն ցանկանում է մեծացնել իր համակարգող դերը Ուկրաինային զենք մատակարարելու, ուկրաինացի զինվորների ուսուցման հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջարկում է ստեղծել ՆԱՏՕ-ի հատուկ առաքելություն Ուկրաինայի համար (NATO Mission Ukraine) և համաձայնեցնել Կիևին դաշինքի ռազմական օգնությունը հինգ տարի ժամկետով՝ 100 միլիարդ եվրոյի չափով։
Այս պահին ԱՄՆ-ն է իրականացնում համապատասխան աշխատանքներ՝ այդ նպատակով կանոնավոր հանդիպումներ կազմակերպելով գերմանական Ռամշտայն ավիաբազայում կամ Բրյուսելում։ Ենս Ստոլտենբերգը ցանկանում է ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային հասցնել ավելի ընդհանուր մակարդակի՝ այն անկախացնելով առանձին անդամ երկրների քաղաքական իրավիճակից՝ հատկապես հաշվի առնելով Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձը Սպիտակ տուն, բացատրել է dpa-ն։
Հունգարիան դեմ է արտահայտվել այդ գաղափարին՝ պատճառաբանելով, որ Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցում ՆԱՏՕ-ի համակարգող դերի մեծացումը վտանգավոր է, քանի որ դա դաշինքին ներքաշում է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ: