ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել են դաշինքի անդամ 32 երկրից 28-ը։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան՝ հղում անելով աղբյուրներին։
Հոդվածում ասվում է, որ նրա թեկնածությունը սկսել է պաշտպանել ևս երեք երկիր: Այդպիսով, Ռյուտեին մնացել է համաձայնության գալ ևս չորս անդամի հետ, քանի որ այդ պաշտոնում նշանակումը պահանջում է բոլոր 32 երկրի միաձայն աջակցությունը։
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարներն առաջիկա օրերին կլինեն Բրյուսելում, որտեղ գագաթնաժողովի շրջանակում քննարկումներ կլինեն դաշինքի նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ։ Ռումինիան ունի իր թեկնածուն: Թուրքիան և Հունգարիան նույնպես դեռ չեն աջակցել Ռյուտեին։ Ըստ աղբյուրի՝ դեռևս աջակցություն չհայտնած չորրորդ երկիրը Սլովակիան է։ ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնել են, որ Նիդերլանդների վարչապետն այդ չորս երկրի հետ քննարկում է իր դերը՝ որպես ՆԱՏՕ-ի ղեկավար։
ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաների կարծիքով՝ Հունգարիայի և Սլովակիայի համար ավելի հեշտ կլիներ պաշտպանել Ռյուտեին, եթե Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հաներ իր թեկնածությունը, քանի որ նա միակ թեկնածուն է Արևելյան Եվրոպայի երկրներից։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան