Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ:
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները:
«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: