ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող փոստային բաժանմունք և գումար պահանջել:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են «ՀայՓոստ» ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։
Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, 25-30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 0039 բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով, որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։
Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հանցագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր:
Նշանակվել է փորձաքննություն։
Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: