«Ցավալի է, որ Երևանը համառորեն անտեսում է նման իրադարձությունների հակառուսական կողմնորոշումը, դրանց ուղղվածությունը տարածաշրջանի երկրների մեծամասնության շահերի դեմ և անհամապատասխանությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու նպատակներին»,- այդ մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա Արևմուտքին մեղադրել է Հայաստանում տնտեսության, պետականության փլուզման և հասարակական սոցիալական խնդիրների սրման համար։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ծրագրերին, ապա մենք հիմնվում ենք իրական փաստերի վրա՝ ապրիլի 1-ից Երևանում են Պենտագոնի հրահանգիչները, նրանք եկել են կիսելու ամերիկյան ռազմական քարոզչության աշխատանքի մեթոդները։ Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն այցելեց Հայաստան, վերարտադրեց հակառուսական նարատիվները։ Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժություններ անցկացվեցին։ Դրանք բոլորը հակառուսական միջոցառումներ են և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։
Հայաստանը ներտարածաշրջանային իրավիճակի խնդիրներն իր ռեսուրսներով և հարևան երկրների ռեսուրսներով կարգավորելու փորձ ունի: Այստեղ բոլորն ազատ երկրներ են և ինքնուրույն են որոշումներ կայացնում, բայց հետո պետք է պատասխանատվություն կրել այդ որոշումների համար և ոչ թե ամեն ինչ բարդել ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի վրա»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։