Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լայեն հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին հայկական զորքերի տեղաշարժերի մասին ադրբեջանական կողմի կեղծ լուրերը սադրիչ գործողությունների համար լեգիտիմ հիմքեր ստեղծելու նպատակ ունեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ եթե 1-2 տարի առաջ Ադրբեջանին հաջողվում էր այդ տեղեկատվական սադրանքը իրականացնել, այսօր ԵՄ դիտորդների առկայության պայմաններում դա անհնար է: Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է գնալ խաղաղության ճանապարհով:
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը: Որևէ մեկը չի ասել, որ, տեսեք՝ Ադրբեջանը խաղաղասեր է, ամեն ինչ անում, որ գնաս... Եվ Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում կեղծ են կամ ստիպված են նման հայտարարություններ անում աշխարհաքաղաքական որոշակի պրոցեսներից հետո կամ որոշակի ճնշումներից հետո: Սա շատ պարզ է: Բայց Հայաստանը միանշանակ գնալու է խաղաղության ուղիով, և պարտադրելու ենք խաղաղություն: Ադրբեջանը պետք է լինի կառուցողական: Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի այն հանգամանքների հետ, որոնց հետ պետք է հաշվի նստի: Հաշվի նստի, որ Հայաստանը սուվերեն երկիր է, ժողովրդավարական երկիր է»,- ասաց նա։
Արմեն Խաչատրյանը նաև նշեց, որ այսօր ՀՀ ԶՈՒ-ում շատ լուրջ բարեփոխումներ են արվում, ինչը քիչ տեսանելի է, բայց որոշակի ժամանակ անց լինելու է այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Այժմ բոլորը հասկանում են Ադրբեջանի սադրանքները, նա ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի զարգացումը կասեցնի, Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարողանա արհամարհել ողջ աշխարհի կարծիքը»,- ասաց նա։