Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ խուսափել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հնարավոր հարձակումներից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը: Հայտարարությունը կապված է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետ, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը տեղեկություն չունի, որ Մերձավոր Արևելքում շիա խմբավորումները, որոնց Վաշինգտոնը կապում է Թեհրանի հետ, կարող են սկսել հարձակումներ ամերիկյան զորքերի և ռազմական օբյեկտների վրա Իրաքում և Սիրիայում։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաներն ուշադիր հետևում են՝ արդյոք իրանամետ ուժերը նման հարձակումներ կիրականացնե՞ն։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարված հասցնել Դամասկոսի վրա հարձակված «ագրեսորներին»։