Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել միգրացիոն քաղաքականության մոտեցումները: ՌԴ ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում նախագահը հիշեցրել է աշխատանքային միգրանտների կատարած հանցագործությունների մասին:
«Մենք պետք է խորապես և արմատապես թարմացնենք միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Խնդրում եմ ՆԳՆ-ին և այլ իրավապահ մարմիններին ու հատուկ ծառայություններին՝ կառավարության և նախագահի վարչակազմի հետ համատեղ, այս բոլոր հարցերը համալիր և մանրամասն մշակել: Պետք է ներկայացնել առաջնահերթ լուծումների ցանկը»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել պետության և հասարակության շահերն ու անվտանգությունը, պահպանել միջէթնիկ և միջկրոնական համաձայնությունը, մշակութային, լեզվական ինքնությունը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստան պետք է գան ապրելու և աշխատելու նրանք, ովքեր հարգում են երկրի ավանդույթները, պատմությունն ու լեզուն: