Կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախատեսվում է Հայաստանում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում պեստիցիդների (թունաքիմիկատների) և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում:
Կսահմանվի վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը: Կսահմանվի նաև «ազգային ռեֆերենս լաբորատորիայի» հասկացությունը, կխմբագրվի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը: Տարընկալումներից խուսափելու համար առաջարկվում է օրենքից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի» բառերը, քանի որ կան սահմանված «պեստիցիդներ» և «ագրոքիմիկատներ» բառերը: Առաջարկվում է նաև սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը:
Օրենսդրական կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: Նրա խոսքով անհրաժեշտ է նաև ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման, ինչպես նաև կերային հավելումների ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները, և վերը նշված լիազորությունները վերապահել ոլորտի քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը, կարևորելով նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները, գործադիր մարմնի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով հետագայում Հայաստանում արտադրվող պեստիցիդների մասով երկու տարի փորձաքննական ժամկետը կարող է արգելել ներդրումները, քանի որ ներդրողների համար այդ ժամկետը կարող է երկարատև լինել: Այս համատեքստում պատգամավորը կարևորել է փոփոխություններն այդ ոլորտում, որոնք կարող են խթանել ներդրումները: Միքայել Թումասյանն անդրադարձել է նաև ժամկետանց ապրանքների, դրանց ոչնչացման նորմերի մասով կարգավորումներին:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: