Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 2-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և տվել դրական եզրակացություն: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից;
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նա տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի փոխարեն հարկադիր կատարման հետ կապված ամբողջական, նոր համապարփակ կարգավորումներ նախատեսող «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի և շուրջ 30 հարակից օրենքների նախագծերի փաթեթը եւս ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորների հետ համատեղ քննարկումների արդյունքում Կառավարությունն առաջարկել է փաթեթում կատարել որոշ փոփոխություններ: «Նախագծում առկա էին տեխնիկական բնույթի որոշ խնդիրներ, որոնք առաջարկում ենք ամբողջությամբ շտկել»,- տեղեկացրել է զեկուցողը և հավելել` առաջարկվում է նաև կատարել այլ փոփոխություններ: Մասնավորապես, ավելացվում են հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դատական ակտերը, ինչը, ըստ փոխնախարարի, բխում է Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներից: Սահմանվում է, որ հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքից և կրում է նրա պարտականությունները` առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման: Լևոն Բալյանն ընդգծել է, որ այդ կարգավորումը չունենալու դեպքում պահանջատերը կարող էր մասնակից չդառնալ ածանցյալ վարույթին` այդպիսով զրկվելով ածանցյալ վարույթում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից:
Նախատեսվում է, որ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից:
Նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ: