Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ. ներկայացնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 2-ի նիստում:
Հիմնական զեկուցողի խոսքով ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել:
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է ապաստան հայցողների թվով և թե որ երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ: Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արևելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից դիմողներն են, 2022 և 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում:
Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Մինչև երկու ամսով հետաձգվել է պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծի քննարկումը:
Շրջանառությունից հանվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: