Մարտի 31-ին` ժամը 23։59-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ. Դ. դյու Ֆուրնեի փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1976 թ․) բախվել է կայանած GAZ մակնիշի ավտոմեքենային (վարորդ Ա․ Հ․), այնուհետև բախվել տներից մեկի պատին, ինչի հետևանքվ փլուզվել է պատից մոտ 10 քմ հատված։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Բ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: