Պեկին կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Չինաստանը առանցքային դեր է խաղում միջազգային իրավունքի պահանջների պահպանման հարցում։ «Մենք համոզված ենք, որ տևական խաղաղություն չի լինի, եթե այն չքննարկվի ուկրաինացիների հետ: Եվրոպացիների համար անվտանգություն չի լինի, եթե խաղաղ կարգավորում չլինի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Սեժուրնեն։ Նա ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության վերաբերյալ «Ֆրանսիան մտադիր է սերտ երկխոսություն պահպանել Չինաստանի հետ»։
Կողմերն անդրադարձել են նաև մերձավորարևելյան հակամարտությանը, մտահոգություն հայտնել, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն աղետալի է: Սեժուրնեն ընդգծել է հրադադարի և գերիների ազատ արձակման հրատապությունը:
Վան Յին էլ պնդել է՝ Չինաստանը ոչ թե ռիսկեր, այլ հնարավորություններ է ստեղծում Եվրոպայի համար և չի մրցակցում Արևմուտքի հետ: Դիվանագետը հավելել է. «Աշխարհում պառակտման և առճակատման վտանգը մեծանում է: Որպես պատասխանատու տերություններ՝ Չինաստանը և Ֆրանսիան պետք է գործակցեն՝ հասնելու համաշխարհային կայունության»:
Չինաստանում Ֆրանսիայի արտգործնախարարի հանդիպումների օրակարգում են նաև տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, առևտրի հետ կապված հարցեր։ Ֆրանսիան անհանգստացած է, որ չինական էժան էլեկտրամեքենաների հոսքը եվրոպական շուկա կհարվածի տեղական ավտոարդյունաբերությանը և կհանգեցնի աշխատատեղերի կորստի:
Սեժուրնեն Պեկին է այցելել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ այս տարվա գարնանը Ֆրանսիա նախատեսված այցից առաջ: