Տասնյակ հազարավոր իսրայելցիներ կրկին դուրս էին եկել փողոց՝ բողոքելու կառավարության քաղաքականության դեմ, որը գլխավորում է աջ պահպանողական վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Երուսաղեմում խորհրդարանի շենքի՝ Կնեսետի մոտ, գրում է BBC-ն։
Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություն, ինչպես նաև շուտափույթ գործարք ՀԱՄԱՍ-ի հետ՝ պատանդների ազատ արձակման համար։ Երուսաղեմում բողոքի ցույցը, ինչպես նշվում է, ամենազանգվածային էր Գազայի հատվածում պատերազմն սկսվելուց ի վեր։ Կազմակերպիչները պնդել են, որ Կնեսետի մոտ հավաքվել էր ավելի քան 100 հազար մարդ, մինչդեռ լրատվամիջոցները գրել են «տասնյակ հազարավոր» մասնակիցների մասին։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը վարչապետին մեղադրել է ԱՄՆ-ի հետ Իսրայելի հարաբերությունները փչացնելու և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ճակատագրի քմահաճույքին հանձնելու համար: Նեթանյահուն «ամեն ինչ անում է քաղաքականության համար և ոչինչ՝ երկրի»,- ասել է Լապիդը:
Վարչապետ Նեթանյահուն դեմ է խորհրդարանի վաղաժամ ընտրությանը՝ համոզված, որ դրանից կշահի ՀԱՄԱՍ-ը, քանի որ այն կաթվածահար կանի Իսրայելը առնվազն վեց ամսով, ինչպես նաև Գազայում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների ու իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները: