Մենք հերթական անգամ մեր ավանդույթները չենք խախտում և նշում ենք Հանամիի տոնն Ազգային ժողովի այգում: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել Ձեզ, պարոն դեսպան, այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այս կարևոր գործում. ողջունելով ներկաներին՝ ասել է ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, հայտնում են ԱԺ-ից:
«Այս միջոցառումը լավ առիթ է՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրներից մի պահ կտրվելու և հաճելին օգտակարի հետ համատեղելու համար»,- նշել է բարեկամական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ նախատեսված է նաև Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակայի հետ:
Ապրիլի 1-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ԱԺ այգում արդեն 9-րդ անգամ նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ ներկա լինել ՀՀ ԱԺ-ի բակում տեղի ունեցող Հանամիի միջոցառմանը և այս գեղեցիկ, արևոտ օրը վայելել սակուրայի գեղեցկությունը: Սակուրաները ծաղկել են, ինչպես ծաղկել են հայ-ճապոնական հարաբերությունները»,- իր խոսքում ընդգծել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությանը, Ազգային ժողովին, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբին՝ Հանամի տոնին նվիրված միջոցառումը կազմակերպելու համար:
Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը ներկայացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Արմենուհի Սիսյանին՝ նշելով, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են 32 լեզուներով, որոնց թվում՝ նաև ճապոներեն:
Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական տոն է: Սակուրաների տնկարկումը ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Տնկարկումը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ ու Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցներին:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի արարողություն. ներկաները ծաղկած սակուրաները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով՝ ի նշան խաղաղության: