2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Օրվա խորհրդի շրջանակում նախարարությունն առաջարկում է ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որ կօգնեն բարելավելու ձեր կյանքը և կաջակցեն բնությանը`
Գտի՛ր, գնի՛ր կամ կարի՛ր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ՝ բանալիների հետ։
Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։ Ստեղծագործ եղի՛ր:
Եթե թեյ, ուրեմն հրաժարվիր թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվի՛ր թեյի քամիչներից։ Եթե սուրճ, ուրեմն միայն բազմակի օգտագործման բաժակներով։
Հեղուկ օճառի փոխարեն՝ օգտագործի՛ր օճառի սալիկներ:
Մի նոր ու բազմակի օգտագործման ջրի շիշ գնի՛ր։ Աշխարհում պլաստիկի միայն 9 %-ն է վերամշակվում:
Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք այն պտուղները, որոնք այդքան էլ կատարյալ տեսք չունեն։
Տարեկան արտադրված մրգերի և բանջարեղենների կեսը վատնվում է։ Եկե՛ք քչացնենք այս թիվը։
Երեք մեծ տարա առանձնացրու՝ տանը հավաքվող թղթի, պլաստիկի ու ապակու համար։ Կարևորը առաջին քայլն անելն է։
Փորձի՛ր մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը։