Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը մարտի 29-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Մարզպետարանում նրանք ընդլայնված քննարկում են անցկացրել` մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզային բժշկական կազմակերպությունների ղեկավարների, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ` մարզում կարմրուկի դեպքերի որոշակի աճով պայմանավորված` համաճարակաբանական իրավիճակի, իրականացվող կանխարգելիչ միջոցառումների թեմայով:
Լենա Նանուշյանը նշել է, որ թեև իմունականխարգելման առումով որոշակի բարելավում կա մարզում, սակայն կարմրուկի դեպքերի տարածումը կանխելու և կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար կարևոր է բնակչության իրազեկվածության բարձրացումը և պատվաստումային ցուցանիշների բարելավումը:
Բժշկական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և ուղղել իրենց հուզող հարցերը: Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը և Լևոն Հակոբյանը եղել են նաև Մարտունու բժշկական կենտրոնում, շրջել ինֆեկցիոն, ընդհանուր թերապիայի, մանկաբուժական բաժանմունքներում, հետաքրքրվել պացիենտների առողջական վիճակով և բուժման ընթացքով, զրուցել բուժանձնակազմի հետ:
Մարտունու բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նրանք հետաքրքրվել են առաջնային օղակում իրականացվող իմունականխարգելման գործընթացով, խնդիրներով, բուժաշխատողների և այցելուների հետ զրուցել կանխարգելիչ աշխատանքների ընթացքի և կարևորության մասին: