Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
«Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:
Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են:
Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
Միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: