ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է «Կրոկուս սիթի հոլում» մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով, վերջին տվյալով, 143 մարդ է զոհվել: Հիշեցնենք, որ ահաբեկչությունը կազմակերպելու համար Մոսկվան մեղադրում է Կիևին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մարտի 7-ին նախազգուշացում է ուղարկել Մոսկվային մարդաշատ վայրերում ահաբեկչական սպառնալիքի մասին։
«Կարծում եմ՝ ՌԴ կառավարությունը քարոզչությամբ և ապատեղեկատվությամբ է զբաղվում։ Նրանք փորձում են օգտագործել այս ողբերգական ահաբեկչությունը՝ արդարացնելու իրենց ագրեսիան Ուկրաինայում»,- ասել է պաշտոնյան։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ ավելի վաղ «Կրոկուսի» ահաբեկչությանը ներգրավվածության համար Կիևին ուղղված Մոսկվայի մեղադրանքները անհեթեթություն է որակել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը, նրա խոսքով, կրում է «Իսլամական պետությունը»:
«Միացյալ Նահանգները փորձել է օգնել կանխել այս ահաբեկչությունը, և Կրեմլը գիտի դա»,- հավելել է Քիրբին: