ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը Գազայի շուրջ իրավիճակի կարգավորման ապագա գործարքում՝ փոխանցում է Bloomberg-ը:
Բայդենը ելույթ է ունեցել Նյու Յորքի Radio City Music Hall-ում նախընտրական քարոզարշավի շրջանակում դրամահավաքի ժամանակ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլլ Քլինթոնի հետ քննարկման ընթացքում, որը կոչված է ցույց տալու Դեմոկրատական կուսակցության միասնությունը ընտրությունների նախաշեմին:
«Ես աշխատել եմ Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Հորդանանի և Կատարի։ Նրանք պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը», ասել է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ պետք է լինի գործողությունների ծրագիր և երկու պետությունների ստեղծման մասին ապագա համաձայնագիր: Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ դա տեղի ունենա հիմա, բայց պետք է առաջընթաց գրանցվի այդ ուղղությամբ։